ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ցեղասպանություն» բառը նա թողել է տողատակում, բայց և այնպես անդրադարձել է 15 թվականի դժոխքին»

«Ցեղասպանություն» բառը նա թողել է  տողատակում, բայց և այնպես անդրադարձել է 15 թվականի  դժոխքին»
06.02.2015 | 12:26

«Դերենիկ Դեմիրճյանի գրականությունը տալիս է բավական հիմքեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անդրադառնալու իր ստեղծագործությանը և իր անձին»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ: Անդրադառնալով աշխատանքների գիտական կողմին, ասաց, որ այս տարի Բեյրութում տպագրվող հայագիտական «Հայկազյան» հանդեսի տարեգրքում կտպագրվի իր «Հայի խտատիպի մի քանի դրսևորումներ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության խորապատկերին» ուսումնասիրությունը: Այստեղ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության համապատկերով քննության են առնված հայ մարդուն մեր գրողների տված բնորոշումները` Մովսես Խորենացուց մինչև Գարեգին Նժդեհ, Վիլյամ Սարոյան, Աղասի Այվազյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Վարուժան Ոսկանյան և այլք:


Տուն-թանգարանում նախատեսվում են նաև կրթադաստիարակչական միջոցառումներ: Առանցքում դարձյալ Դեմիրճյանի` ցեղասպանությանն առնչվող գործերն են: «Դեմիրճյանը չապրեց մինչև 1965-ի զարթոնքը, երբ «ցեղասպանություն» բառը կարելի էր բարձրաձայն արտաբերել ու բացահայտ խոսել Հայկական հարցի մասին,- ասաց Կարինե Ռաֆայելյանը:- Այդ պատճառով «ցեղասպանություն» բառը նա թողել է տողատակում, բայց և այնպես անդրադարձել է 15 թվականի դժոխքին: Նրա «Ժպիտը» և «Աստծո տանը» պատմվածքներում ներկայացվում է գաղթի դաժան ճանապարհը: «Աստծո տանը»-ում խոսվում է նաև մեր ժողովրդի կենսունակության մասին: Գաղթի ճանապարհին երկու հոգի ամուսնանում են, և քանի որ ո՛չ տուն կա, ո՛չ ապաստան, ո՛չ հեռանկար, քահանան նրանց ամուսնացնում ու ճանապարհում է դեպի բնություն, ասելով` գնացեք, ապրեք Աստծո տանը (գրականության մեջ և փաստագրական նյութերում մենք հանդիպում ենք նման փաստերի, երբ գաղթի ճանապարհին ամուսնանում են): Այս երկու պատմվածքները կլինեն մեր վարած թեմատիկ դասերի, շարադրությունների մրցույթների և այլ միջոցառումների ցանկում»:


2015-ին անդրադարձ է լինելու նաև «Գիրք ծաղկանց» և «Ավելորդը» ստեղծագործություններին, Դեմիրճյանի նորահայտ ձեռագրին, որտեղ Կարինե Ռաֆայելյանի խոսքով, դատողություններ են Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ. «Շատ դիպուկ խոսվում է այն մասին, որ ցեղասպանությունը շարունակվում է: Հայ ժողովրդի դեմ գործվում է ոճիր, նրան սպանում են, ճնշում, փորձում են ուծացնել, ձուլել ուրիշ ազգերի: Ընդ որում, խոսքը ոչ միայն նախախորհրդային, այլև հետխորհրդային շրջանի մասին է»: Նշենք, որ տուն-թանգարանում կլինեն նաև ժամանակավոր ցուցադրություններ, կներկայացվեն Դերենիկ Դեմիրճյանի գրքերը և ձեռագրերի պատճենները:

Մնում է հուսալ, որ, ի հեճուկս կենցաղային դժվարությունների, ակտիվորեն գործող այս մշակութային հաստատությունը կարժանանա վերադաս մարմինների պատշաճ վերաբերմունքին, այսինքն՝ վերջապես կենթարկվի հիմնանորոգման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ